1829-ի հոկտեմբերի 9-ին Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը: 2013-ից Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր:
Այս տարի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել: 2015-ի հունվարից ֆեդերացիայի անդամները և այս սպորտաձևի սիրահարները 20 վերելք են կատարել դեպի աշխարհի բարձր կետերը՝ Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5033 մ), Դեմավենդ (5610 մ) լեռներ: Ընդհանուր առմամբ՝ վերելքներին մասնակցել է շուրջ 150 լեռնագնաց: Ընդլայնվել է նաև ֆեդերացիայի կազմը, որն ունի շուրջ 80 անդամ: Նախկինում անդամների թիվը 50 էր:
Հայաստանում ալպինիզմով հավասարապես հետաքրքրվում են և՛ տղաները, և՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
«Իրատեսի» հետ զրույցում ֆեդերացիայի անդամ, լեռնագնաց ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ ֆեդերացիայի անդամ դառնալու համար պետք է բարեհաջող ավարտել դասընթացների եռամսյա փուլը, որ անցկացնում է ֆեդերացիան՝ տրամադրելով լեռնագնացության մասին գիտելիքներ: Դասընթացներին հաջորդում է փորձաշրջանը: Գործնական այս փուլը հաղթահարողներին տրամադրվում է անդամակցության այցեքարտ: Զրուցակիցս նշեց, որ, օրինակ, Ռուսաստանում, Իրանում որոշակի գումար են վճարում՝ ֆեդերացիայի անդամ դառնալու համար, մեզ մոտ հաշվի են առնում պատրաստվածության աստիճանը:
Մայիսի 8-ին հայ լեռնագնացները բարձրացել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ էլբրուսը, և վերելքը նվիրել Շուշիի ազատագրմանը: 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայ լեռնագնացների ձեռքբերումները որևէ կերպ առնչվե՞լ են ցեղասպանության խնդիրը բարձրաձայնելու հետ:
Ֆեդերացիայի փոխնախագահ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշեց, որ 2015-ը աննախադեպ է լեռնային ակտիվության առումով, վերջին երեսուն տարում նման ցուցանիշ չի գրանցվել: Այս կերպ տարբեր երկրների լեռնագնացները տեղեկացել են Հայաստանի ալպինիզմի մասին, նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Խոսելով Հայաստանում ալպինիզմի զարգացման խոչընդոտների մասին՝ Սուրեն Դանիելյանն ասաց, որ կառավարությունը չի աջակցում ալպինիզմի զարգացմանը: Մեր լեռնագնացները լեռնային բարձունքները հաղթահարում են բացառապես սեփական միջոցներով: Թանկ սպորտաձև է: Պետք է վճարել համապատասխան գույքի համար, հանդերձանքի, դեպի լեռներ՝ ճանապարհորդության ու լեռների վրա բարձրանալու համար:
Հավելենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նախապատրաստվում է 2016-ին վերելք կատարել Պամիրի լեռնաշղթայի 7 հազար մետր բարձրություն ունեցող լեռներից մեկը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ